Ախ, ինչե՜ր չես անի՝ հանուն քվեի, հանուն իշխանության։ Ասածդ խոսքից էլ հետ կկանգնես (չնայած 8 տարում այնքան հաճախ ես հետ կանգնել, որ խոսքդ պահելն է արդեն տարօրինակ), թշնամիներիդ էլ կներես (անգամ ընդդիմության ու կաթողիկոսի դեմ ստատուսներ չես գրի, հայտարարություններ չես անի), հանրային ամենափոքր պահանջն էլ մի ոտ առաջ արագ կկատարես (ջրամատակարարման գրաֆիկը պահելն ու կենսաթոշակը մի 5-10 հազար դրամով բարձրացնելն ի՞նչ է որ չանես): Ամեն Աստծո օր սրտիկ էլ ցույց կտաս, անգամ Տուսկին կխնդրես. քեզնից ի՞նչ ա գնում` հետս սրտիկ ցույց տուր հայ ժողովրդին, մեր ժողովուրդը միամիտ, շոուներ սիրող, սրտից թույլ ժողովուրդ է, իրեն սրտիկ ցույց տվող եվրոպացի տեսնի` խելքամաղ կլինի ու կմտածի, որ ես ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի սրտի թեկնածուն եմ, այլ նաեւ Լեհաստանի։
Ինչե՜ր չես անի հանուն քվեի` նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված ռեվերանսներ կանես՝ իշմար տալով, որ միայն Արեւմուտքը չի շահելու իմ վերընտրվելուց, Ռուսաստանն էլ չի տուժելու, Լադիմիրիչ ջան:
3 ամիսն ի՞նչ է, որ չդիմանաս: Եկել է բոլորին խաբելու, ֆռռացնելու շրջանը: Ամենակարեւորը՝ պետք է մինչեւ հունիսի 7-ը դիմանալ ու հնարավոր շատ մարդու խաբել- համոզել, որ գնան ձայն տան, կամ՝ գոնե չխանգարեն ձայն տվողներին։
Դե, եթե մարդիկ պատրաստ են կրկին խաբվել, ինչու՞ նրանց այդ «հնարավորությունը» չտալ: Ինչու՞ չօգտվել նրանց հիմարությունից:
Իսկ մինչ նրանք հուզվում- հալվում են քո սրտիկներից ու բարի դեմքով լայվերից, մինչ 10 հազար դրամի անունը լսում ու երախտագիտությունից ուզում են ձեռքերդ համբուրել, չեն էլ պատկերացնում, թե քո ուղեղն այս օրերին իրականում ինչով է զբաղված: Ինչպիսի վրեժի ու պատժի գրանդիոզ ծրագիր է մտմտում, թե հունիսի 7-ից հետո ո՜նց է բոլորի հախից գալու։
Ո՜նց է բոլորի քթից բերելու այս օրերի իր նվաստացման համար։ Ո՜նց է դրժելու տված խոստումներն ու հրաժարվելու բոլոր խոսքերից: Ո՜նց է 5 տարի քեֆը եկածն անելու՝ արհամարհելով ՀՀ ընտրող կոչված «շահամոլ ու խաբվելու պատրաստ» զանգվածին, ո՜նց է հյուսիսային արջի և անգամ ևրոյոնջաների հախից գալու, ո՜նց է բյուջեն հորից ստացած ժառանգության նման տնօրինելու: Ի՜նչ լայն հորիզոններ են բացվելու իր առաջ: Չէ որ ինքը ոչինչ չի մոռանում` ոչ երբևէ իրեն ասված որևէ թթու խոսք, ոչ թերի մատուցված ծառայություն, ոչ ստրուկի նվիրումից մի խազ պակաս հավատարմություն։
Գալու է վարչապետի վրեժի ժամը...
Արմինե ՕՀԱՆՅԱՆ